Հայկական ԱԷԿ-ի Մեծամոր բնակելի ավանի գլխավոր հատակագիծ և կառուցապատում

«Այնուամենայնիվ, ինձ վիճակվեց իմ իսկ նախապես մշակած շենքերի հիման վրա նախագծել մի համալիր, որ հետագայում Մեծամոր անունն ստացավ: Ըստ գլխավոր հատակագծի դա մի փոքրիկ քաղաք է բնակելի շենքերով և իր կուլտուր-կենցաղային շենքերի ողջ բազմազանությամբ: Քաղաքում կա երեք միկրոշրջան, կենտրոն` համաքաղաքային շենքերով հյուսված, կոմունալ-պահեստային շենքերի գոտի և հիվանդանոցային համալիր: Տեղանքի թեքության հյուսիս-հարավ կողմնորոշումը, համայնապատկերում Արարատ և Արագած լեռների ուրվագիծը, Երևան-Հոկտեմբերյան մայրուղու դիրքը պայմանավորեցին մի համակարգ, որտեղ առկա էր նորը` մինչ այդ կազմակերպված միկրոշրջանների հետ համեմատ: Դա առաջին փորձն էր մեզանում (1967թ.) ձերբազատելու բնակելի շենքերը փողոցի կաշկանդումներից և լուծելու նրանք համարժեք` բոլոր ճակատներում, տարածության մեջ: Բնակելի շենքերը կառուցապատման մեջ մասնակցում են ոչ թե ստերեոտիպ անկանոնությամբ, այլ խստորեն կողմնորոշված են դեպի լավագույն օրիենտացիան և միկրոշրջանի պարագծով ստեղծում են տարբեր չափեր ունեցող հարմարավետ բակերի մի ժանյակ-շղթա` շաղկապված և հերթագայվող, որ շրջապատում է միկրոշրջանի ներքին մեծ տարածությունը` դպրոցով ու մանկապարտեզներով: Սպասարկող բլոկները կենտրոնացած են իննահարկ բնակելի շենքերով շեշտված հանգույցներում և հավասարահեռ են սպասարկվողներից:
Քաղաքի կենտրոնի առանցքն անցնում է տեղանքում շատ լավ նշմարվող բլրի վրայով, որի գագաթին տեղադրված է դեռևս չիրականացված մի կառույց` ջրաճնշիչ աշտարակը` դիտահարթակներով և ատոմային էներգետիկային նվիրված առաջին թանգարանով: Կենտրոնի հասարակական շենքերը ևս լուծված են տարածական միահյուսումներով: Նրանք իրար միացված են ներքին գողտրիկ բակերով, անցումներով, թփածածկերով: Այդպես, քաղաքային զբոսայգու հետ հյուսված, իրար են հաջորդում հասարակական-վարչական, առևտրական ու մարզական գոտիները, որ ավարտվում են հանգստի ու զբոսանքի քաղաքային լճակով»:

«Մարտին Միքայելյան – 60» ստեղծագործական հաշվետվությունից:

MP (1)

MP (2)

MP (5)

MP (4)

MP (3)

MP (6)

Հեղինակ` Մ.Գ. Միքայելյան, մասնակցությամբ` Կ.Ս. Տիրատուրյան, Գ.Մ. Հովսեփյան (հատակագծման և կառուցապատման գծով), Ե.Վ. Մալոյան (սպասարկման և բարեկարգման բլոկերի գծով)
Նախագծված և կառուցված` 1969-1986 թթ.